Հունիսի 27-ին Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում:

Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում: Հայոց Հայրապետը նշեց, որ Հայաստանը եւ Հնդկաստանը ունեն բազմադարյա բարեկամական հարաբերություններ, իսկ Հնդկաստանում հայ համայնքի պատմությունը հարուստ է բազում գեղեցիկ իրագործումներով ու վկայություններով:

Վեհափառ Հայրապետը նաեւ իր գոհունակությունը հայտնեց Մայր Աթոռի նկատմամբ դեսպանատան կողմից դրսեւորվող ուշադրության, ինչպես նաեւ Կալկաթայում գործող Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին ու աշխատակազմից ցուցաբերվող զորակցության համար:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար` պրն. Սանգվան Յոգեշվարը նկատեց, որ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները ներկայումս բարձր մակարդակի վրա են գտնվում եւ հետագա զարգացման մեծ ներուժ ունեն: Դեսպանը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանում եռամյա ծառայության իր տպավորությունները:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին մաղթեց հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: