Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 28-ին ընդունել է «Ծագումով Հայեր» նախագծի մի խումբ մասնակիցների, որոնց կազմում էին աշխարհահռչակ ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը, հոլիվուդյան դերասան Մարկո Խանը, Կանադայում ՀՀ պատվո հյուպատոս Վան Լափոյանը եւ սփյուռքահայ անվանի այլ գործիչներ:

Նախագիծը միավորում է տարբեր բնագավառների հայորդիներին՝ արվեստագետների, բժիշկների, հոգեւորակաների, գործարարների ու ոչ միայն: Պետական նախարարը բարձր է գնահատել բոլոր նրանց ջանքերը, ովքեր Արցախի զարգացման հայանպաստ եւ հայապահպան գործունեության հարցում  ունեցել են մեծ ներդրում եւ աջակցություն:

Գրիգորի Մարտիրոսյանն իր խոսքում նշել է. «Ապրելով ու արարելով աշխարհի տարբեր անկյուններում՝ Դուք հավատարիմ եք մնում հայկական ակունքներին: Հենց այդ հավատարմությունն է մեր կարողությունները բազմապատկում Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում: Լիահույս եմ, որ այսօրվա մեր հանդիպումն ու եռամիասնության ամրապնդման գործում Ձեր ունեցած ավանդի արժեւորումը խթան կհանդիսանա համահայկական ներուժը որակապես նոր հարթություն տեղափոխելու հարցում»:

Պետական նախարարը պատվիրակության անդամներին հուշամեդալներ ու շնորհակալագրեր է հանձնել Սփյուռք-Հայաստան-Արցախ կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Հյուրերն իրենց երախտագիտությունն են հայտնել ջերմ ընդունելության եւ իրենց վաստակն արժանվույնս գնահատելու համար՝ վստահեցնելով, որ Արցախը կշարունակի մնալ իրենց ուշադրության եւ հոգատարության ներքո:

Հանդիպմանը մասնացում էին մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արտաքին գործերի նախարարի տեղական Ֆելիքս Խաչատրյանը: