ԱՄՆ-ն պատժամիջոց կսահմանի իրանական նավթ ներմուծող ցանկացած երկրի դեմ, բացառություններ չկան, հայտարարել է Միացյալ Նահանգների Իրան հարցով հատուկ դեսպանորդ Բրայան Հուկը, փոխանցում է Reuters-ը:
«Մենք պատժամիջոցի կենթարկենք իրանական հում նավթի ցանկացած ներմուծում… Հիմա բացառություններ եւ պատժամիջոցներից ազատում չկա»,- ասել է Բրայան Հուկը, երբ նրան հարցրել են Ասիայում իրանական նավթի վաճառքի մասին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Չինաստան իրանական նավթի մատակարարումների մասին տեղեկությունները: «Մենք պատժամիջոցի կենթարկենք իրանական հում նավթի ցանկացած ապօրինի գնում»,- լոնդոնում լրագրողներին ասել է Հուկը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի եւ իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնաների դեմ՝ աննախադեպ քայլ ձեռնարկելով Իրանի վրա ճնշման ուժեղացման համար այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Թեհրանը խփել էր ամերիկյան անօդաչուն:





























