Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը քննարկել են Սիրիայի եւ զինաթափման հարցերը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Առաջնորդները խոսել են միջազգային գործերի մասին, շոշափվել է նաեւ Սիրիայի հարցը, Իդլիբի իրադրությունը, այդ ենթատեքստում խոսել են Թուրքիայի մասին, խոսել են նաեւ Չինաստանի մասին, եւ բավականին հանգամանալից խոսել են զինաթափման հարցերի, ռազմավարական կայունության հարցերի մասին»,- զրույցի թեմաներն է թվարկել Կրեմլի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ նախագահները «պայմանավորվել են, որ համապատասխան գերատեսչությունների գծով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովը եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը քննարկումը կշարունակեն արդեն առավել կոնկրետ հունով»: