ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ չինական Huawei ընկերությանը թույլ կտա ձեռք բերել ամերիկյան արտադրանք: Թրամփն այս մասին ասել է Օսակայում «Մեծ քսանյակի» երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ ընկերությունները կարող են իրենց սարքավորումները վաճառել Huawei-ին,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: - Մենք խոսում ենք այն սարքավորումների մասին, որոնք ազգային անվտանգության համար մեծ սպառնալիք չեն ներկայացնում»:
Թրամփը նշել է, որ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել ազգային անվտանգության ապահովման խնդրին, եւ խոստացել է, որ Huawei-ին սեւ ցուցակից հանելու հարցը կքննարկվի մոտ օրերին: «Վաղը կամ երեքշաբթի նիստ տեղի կունենա, որում կքննարկվի Huawei-ին սեւ ցուցակից հանելու հարցը»,- եզրափակել է Թրամփը՝ չհստակեցնելով, թե ում հետ է նախատեսում այս թեմայով բանավեճի անցկացումը:
Թրամփը մայիսի 15-ին հրաման էր ստորագրել, որով արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել ԱՄՆ տեղեկատվա-հաղորդակցային ենթակառուցվածքների պաշտպանության համար: Արդյունքում ԱՄՆ առեւտրի նախարարությունը մայիսի 17-ից ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով Huawei-ին մտցրել էր սեւ ցուցակ:





























