ՌԴ Պետական դումայում Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգը նախապես հաստատված է եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նիստին քննարկվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի ակտիվ գործունեության հարցը, որ ակտիվ հանդիպումներ է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՍԴ նախագահի եւ այլ քաղաքական գործիչների հետ։
«Օրակարգը նախապես կազմված էր եղել նախորդ խորհրդարանի ՀՀԿ մեծամասնության կողմից, այնտեղ մենք փոփոխություններ չէինք կարող անել, օրակարգը բովանդակային չէր, կարող էինք ավելի լուրջ հարցեր քննարկել, այդ լուրջ հարցերը, կարծում եմ, կներառվեն եւ ներառված են հաջորդ նիստի օրակարգում, որը տեղի կունենա Գյումրի քաղաքում»,-նշեց նա։
Նա, սակայն, նշեց, որ հանդիպումներ է ունեցել Պետդումայի պատգամավորների հետ, որի բովանդակության մասին նպատակահարմար չգտավ բարձրաձայնել։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը իր կողմից եւս նշեց, որ չէին կարող փոխել օրակարգը․ «Օրակարգը հաստատվում է նախորդ նիստին, մենք իրավունք չունեինք շեղվել այդ օրակարգից: Բայց աշխատանքային հանդիպումներում բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք ուշադրության կենտրոնում են եղել։ Արտաքին քաղաքականությունը գործադիրի իրավական տիրույթում է, դեսպանի նշանակման, ազատման հարցերը ՌԴ Դումայի իրավասության մեջ չեն մտնում, բացի այդ հարցն օրակարգում չէր, եւ կարելի է քննարկել այլ ձեւաչափով:
Նա սակայն հավելեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը եւ ՌԴ դեսպանը ՀՀ-ում ներկա էին նիստին եւ կառուցողական ելույթներ են ունեցել։





























