Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչը տպավորված է Երեւանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այսօրվա այցելությամբ:

Մարտի 21-ին սկսվել է Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Նրան խորհրդարանում ընդունել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Հայաստան այցելելու համար: Նրա համոզմամբ, Բեբիչի այցը կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը, միջխորհրդարանական հարաբերությունների  զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը  կարեւորեց  Խորվաթիայի հետ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում: 

Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ եւ խորվաթ ժողովուրդները պատմական  շատ ընդհանրություններ ունեն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորել են միջազգային կառույցներում համագործակցության խորացումը,  խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: