ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով վկա Սամվել Ասլանյանը հիվանդանոցում հեռուստացույցով է լսել, որ իրեն բերման ենթարկելու որոշում են կայացրել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց նա՝ նշելով, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նշենք, որ նախորդ դատական նիստում դատարանն այս վկային բերման ենթարկելու որոշում էր կայացրել։
Սամվել Ասլանյանն այսօրվա նիստում հակիրճ ցուցմունք տվեց եւ նկարագրեց 11 տարի առաջ Թումանյան փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին։
Նա նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ սովորական հարաբերություններ է ունեցել, հարեւանություն է արել։ Նորմալ հարաբերություններ է ունեցել նաեւ նույն բակում բնակվող Արթուր Ղեւոնդյանի եւ Դավիթ Սիմոնյանի հետ։
Վկան նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանից տեղեկացել է, որ նրանց բնակարանի նկուղում դեպք է եղել։ Սկզբում իմացել է, թե կրակոցի արդյունքում Արթուր Ղեւոնդյանն է մարմանական վնասվածք ստացել, սակայն հետո հիվանդանոցում տեղեկացել է, որ տուժածը Դավիթ Սիմոնյանն է։
Վկան պատմեց, որ իր լսածով՝ կրակոցը դիպել է Դավիթի մեջքին։
Նա նշեց, որ որեւէ տեղեկություն չի ունեցել, որ Սիմոնյանի վրա կրակել է Հայկ Սարգսյանը։ Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը, սակայն նկատեց, որ նախաքննության ընթացքում վկան հայտնել է, որ Ալեքսանդր Սարգսյանն իրեն պատմել է, թե Դավիթ Սարգսյանի վրա կրակել եւ մարմանական վնասվածք է հասցրել Հայկ Սարգսյանը։
Առաքելյանը նկատեց, որ այս եւ այլ հանգամանքների շուրջ էական հակասություններ են առկա եւ միջնորդեց դատարանին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։
Նախաքննության ընթացքում վկան հայտնել է, որ Դավիթ Սիմոնյանը եւ Արթուր Ղեւոնդյանը մտերիմ հարաբերություններ են ունեցել Ալեքսանդր Սարգսյանի որդիների՝ Հայկի եւ Նարեկի հետ։ Նա նշել է, որ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի նկուղում տեղի ունեցած դեպքի մասին իմացել է Ալեքսանդր Սարգսյանից։
«2007թ. ապրիլի 1-ի երեկոյան ինձ զանգահարեց Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներից մեկը եւ ասաց, որ շեֆը ուզում է տեսնել քեզ։ Գնացի նրա մոտ. խոսակցության ժամանակ նա պատմեց, որ հայաթի տղաներից մեկը Հայկի հետ զենքով խաղացել է նկուղում, ինչի արդյունքում զենքը կրակել է այդ տղայի մեջքին եւ նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ես ասացի, որ խոսքը Արթուրի մասին է, նա ասաց՝ այո։ Հետո խնդրեց հանդիպել Արթուրի ընտանիքի անդամների հետ, նրանց փոխանցել, որ ամեն ինչ լավ կլինի, նրան տիրություն կանեն։ Գնացի Արթուրենց տուն՝ ծնողների հետ զրուցելու, նրանց հետ եկանք համաձայնության։ Երեկոյան, սակայն ինձ զանգահարեց Ալեքսանդր Սարգսյանի աներձագը՝ Աբոն եւ ասաց, որ վնասվածքը ստացել է ոչ է թե Արթուրը, այլ Դավիթը, հետո խնդրեց նույն խոսքերը փոխացնել Դավիթի ընտանիքի անդամներին»,–նախաքննական ցուցմունքում պատմել է վկան։
Այնուհետեւ վկան հայտնել է, որ գնացել է այն հիվանդանոց, որտեղ գտնվում էր Դավիթ Սիմոնյանը։
«Գնացի հիվանդանոց՝ մայրը լաց էր լինում, ասում էր, որ որդին կմահանա, մայրն ու հայրն ասացին, որ իրենց տղան գնում է ձեռքից, ասացին, որ ծանր վիրահատություն է տարել եւ որ նրա օրգաններից մեկը կարող է հեռացնեն»,–պատմել է վկան՝ հավելելով, որ իրեն չի հաջողվել զրուցել ծնողների հետ։
Հաջորդ օրն ըստ վկայի ցուցմունքի՝ Ալեքսանդր Սարգսյանի անվտանգության ծառայողներն իրեն «լսցնելու համար» ասել են, որ Դավիթին կրակել է Արթուր Ղեւոնդյանը, մինչդեռ ինքը գիտեր իրականությունը։
Սամվել Ասլանյանը նախաքննությանը ընթացքում նշել է, որ Ալեքսանդր Սարգսյանի ողջ շրջապատը եւ բակի բնակիչները տեղյակ են եղել, որ Հայկն է կրակել Դավիթի վրա։
Դատախազի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նախաքննության ընթացքում նշել է, որ Հայկն է կրակել Դավիթի վրա, իսկ հիմա այդ մասին չի խոսում, վկան պատասխանեց, որ հնարավոր է շփոթել է եւ չի հիշում թե ինչ է տեղի ունեցել։
Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։





























