Մանվել Գրիգորյանն այսօր կրկին դատարան էր գնացել անվասայլակով, թթվածնային սարքը միացված, բժիշկների ուղեկցությամբ։ Նրա փաստաբանը միջնորդեց անհապաղ վերացնել իր պաշտպանյալին կալանքը կամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել խափանման միջոցը՝ հաշվի առնելով, որ նրա առողջական վիճակը էապես վատթարացել է. ոտքերն այտուցված են, և  90 տոկոսն անզգա է դարձել, առաջանում է գանգրենա։ Չնայած փաստաբանի ներկայացրած փաստարկներին՝ դատարանը հերթական անգամ որոշեց մերժել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին այսօր հետաքրքիր զարգացում տեղի ունեցավ։ Գործով վկա, դատարան բերման ենթարկված Սամվել Ասլանյանը դատարանում տվեց վկայություն՝ փոխելով իր նախաքննական ցուցմունքը։ Նախաքննության ընթացքում Սամվել Ասլանյանը պատմել էր, որ 11 տարի առաջ Հայկ Սարգսյանն է կրակել Դավիթ Սիմոնյանի վրա՝ նշելով, որ այդ մասին իմացել է Ալեքսանդր Սարգսյանի ամբողջ շրջապատը եւ բակի բնակիչները։ Այսօր դատարանում նա հայտարարեց, թե որեւէ տեղեկություն չի ունեցել այն մասին, որ կրակողը Հայկն է եղել։ Դատախազի հարցին՝ ինչու է իր նախաքննական ցուցմունքին հակասող վկայություն տալիս, Ասլանյանը պատասխանեց՝ հնարավոր է՝ շփոթել է եւ չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել։

Դատական նիստի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ. դատավորը նիստի մեկնարկին նկատողություն արեց Հայկ Սարգսյանի կողմնակիցներին, այդ թվում՝ նրա կնոջը։  Բանն այն է, որ Հայկի կինը եւ առաջին շարքում նստած մյուս կանայք ոտքի չէին կանգնել, երբ նախագահող դատավորը մտել էր նիստերի դահլիճ։

Ի դեպ նիստից առաջ լրագրողները փորձեցին մի քանի հարց տալ Հայկ Սարգսյանին։ Ալեքսանդր Սարգսյանի որդուն բարկացրեց հոր մասին հարցը՝ գործարարների հետ  50–50 փայ մտնելու հայտնի տեսության վերաբերյալ։ Հայկ Սարգսյանը նաեւ հերքեց իրեն առաջադրված մեղադրանքը՝ 11 տարի առաջ իրենց շենքի նկուղում ապօրինի ձեռք բերած հրազենով Դավիթ Սիմոնյանին կրակելու եւ վիրավորելու վերաբերյալ։

Բելառուսի մայրաքաղաքում այսօր հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը Հայաստանի գործընկերոջն ընդունել է ընդգծված ջերմությամբ։ Հանդիպման տեսանյութում Լուկաշենկոն Արմեն Սարգսյանին հաճոյախոսություններ է շռայլում եւ առաջարկում չշտապել վերադառնալ Հայաստան։

Ապրիլյան պատերազմում բեկորային վնասվածք ստացած Հայկ Սեխլիյանի առողջական վիճակը վատթարացել է։ Նրա մարմին ներթափանցած 3 բեկորներից մեկը մոտեցել է ողնուղեղին, եւ եթե նրան անհապաղ չտրամադրվի անհրաժեշտ բուժօգնություն, դա անդառնալի հետևանքներ կարող է ունենալ Հայկի առողջության  համար։ Քառօրյայի օրերին Թալիշում վիրավորվելուց հետո հրաշքով փրկված Հայկին անհրաժեշտ է թանկարժեք վիրահատություն արտասահմանում։ Նա մի քանի անգամ անձամբ է հանդիպել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը խոստացել է օգնել, սակայն մինչեւ հիմա, որեւէ արձագանք չի եղել։ 2 անչափահաս երեխաների հայրը 3 տարի իր վիճակի մասին չի բարձրաձայնել՝ հույս ունենալով, որ պետությունը կկատարի իր պարտքը եւ կօգնի վերականգնել առողջությունը, սակայն հիմա դանակը ոսկորին է հասել։ Հայկի ընկերները նրա անունով հաշվեհամար են բացել, որին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել։

Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 18–ի, 13 մարդ համարվում է անհետ կորած։ Տեղատարափ անձրեւների հետեւանքով ամենաշատը տուժել է Տուլուն քաղաքը, որտեղ փլուզվել էր ջրամբարի արգելապատը։ Ջրհեղեղի հետեւանքով մի քանի հազար տուն հայտնվել է ջրի տակ, տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, տարերային աղետը լայնածավալ ավերածություններ է առաջացրել։ Ռուսաստանում արդեն խոսում են բնակչությանը պատշաճ կերպով արտակարգ իրավիճակի մասին չտեղեկացնելու համար պատկան մարմիններին պատասխանատվության ենթարկելու մասին։ Այսօր կատարվածի առնչությամբ Վլադիմի Պուտինին ցավակցական հեռագիր է ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոն շարունակում է էժանանալ։ Հուլիսի 2–ին դոլարի փոխարժեքը կազմել է 477, եվրոյինը՝ 539, բրիտանական ֆունտինը՝ 602, ռուսական ռուբլունը՝ 7.54 դրամ։

Հանրապետությունում հուլիսի 3–ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3–4 աստիճանով։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան ջերմություն: