Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) գործում է Միջուկային էներգետիկ օբյեկտներին առնչվող տարածաշրջանային կենտրոն։
Կենտրոնի լսարանները հագեցած են ժամանակակից տարբեր սարքավորումներով, որոնց շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստանում զուտ տեսական գիտելիքներից անցում կատարել նաեւ գործնականին, բացի այդ այստեղ կազմակերպվում են ոչ միայն դասընթացներ, այլեւ տեսակամուրջներ արտասահմանցի փորձառու մասնագետների հետ: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Նրա խոսքով` ՄԱԳԱՏԵ-ի հովանավորությամբ, կենտրոնը շուտով կունենա վարժանքային նոր սարքավորում՝ ատոմային էլեկտրակայաններ մասնագիտությամբ մասնագետների պատրաստման համար։
Ուսանողները ատոմակայանում վթար են մոդելավորում համակարգչային ծրագրերի միջոցով, այսինքն`կենտրոնում գործող համակարգչային լսարանները ուսանողներին հնարավորություն են տալիս մոդելավորել ատոմակայանի համապատասխան վթարային իրավիճակ, որը բնականաբար իրական ատոմակայանում հնարավոր չէ իրականացնել:
Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի ասիստենտ, մագիստրոսական ուսուցման բաժանմունքի վարիչ Մերի Ղազարյանը: Նրա խոսքով` յուրաքանչյուր ուսանող ընտրում է իր համար ատոմակայանի հզորությունը, մթնոլորտային պայմանները եւ նախագծում է վթար, որի արդյունքում գնահատում է շրջակա միջավայրին հասցված վնասը, իսկ այնուհետեւ առաջարկում տվյալ իրավիճակից դուրս գալու ելքերը: Դասախոսը համակարգչային ցանցի միջոցով հետեւում է այդ ամենին եւ համապատասխան միջամտություն իրականացնում:
«Նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս մոդելավորել հնարավոր բոլոր վթարային վիճակները, իսկ մոդելավորումը թույլ է տալիս ձեւավորել որոշակի գործողությունների պլան»,-ասաց Մ. Ղազարյանը:





























