Լիբիայում միջազգային ուժերի ավիահարվածներից հետո Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը ստիպված են եղել հեռանալ ապստամբների մայրաքաղաք Բենղազիից: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը, կառավարամետ ուժերը կանգնել են Աջդաբիայում, Բենղազիից 100 կմ հեռավորության վրա:

Գործակալության տվյալներով, Քադաֆիի ուժերին հետապնդել են ապստամբների ուժերը, որոնք հարձակվել են կառավարական ուժերի վրա, սակայն հարձակումը հետ է մղվել:

Արեւմտյան երկրների, նաեւ Քաթարի ու ԱՄԷ-ի ռազմական արշավանքը Քադաֆիի դեմ սկսվել է մարտի 20-ի գիշերը: Հատուկ գործողության արդյունքում մի քանի ավիահարված է իրականացվել, նաեւ հրթիռային գնդակոծումներ: Արդյունքում լրջորեն վնասվել է Լիբիայի հակաօդային պաշտպանության համակարգը:

Դաշնակիցները գործում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մարտի 17-ին ընդունած բանաձեւի հիման վրա: Փաստաթղթով փակ է հռչակվել Լիբիայի օդային տարածքը: Ռազմական գործողությունների ակտիվ փուլն սկսվել է, երբ Քադաֆիի ուժերը խախտել են իրենց իսկ հռչակած հրադադարը:

Մարտի 19-ին Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական օդանավերն սկսեցին ռմբահարել Լիբիայի տարածքը: Մի քանի ժամ անց նրանց միացան նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օդանավերը:

Լիբիայի դեմ ռազմական միջամտության օգտին արտահայտվել են մի շարք եվրոպական եւ արաբական երկրներ։

Լիբիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ այդ հարվածներից  մահացել է ավելի քան 60 խաղաղ բնակիչ, այնինչ արեւմտյան երկրները այդ տվյալները չեն հաստատում: