Ըստ մասնագետների կանխատեսման` առաջիկա տաս օրում Սեւանի կանաչ  գույնը կքայքայվի եւ կվերանա:  Այդ մասին այսօր՝ հուլիսի  4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Այս տարի Սևանի ջրառը շատ ավելի ցածր է, քան անցած տարի՝ մոտ 15-20 մլն խ/մ չափով նվազ է: Բացի դրանից՝ ջրամբարներում էլի ջուր կա, այնպես որ ավել ջրառ չի եղել։ Բայց ընդհանրապես կուտակային մի քանի գործոններ կան. դա և՛ կեղտաջրերի հոսքն է, և՛ անտառային ափամերձ տարածքների մաքրումը, և՛ ռեստորաններն ու հյուրանոցները։ Մեծ քանակի աղտոտումներ են իրականացվում, նաև կոմունալ-կենցաղային աղտոտումը, որն էականորեն ավելացել է։ Բացի դրանից՝ ջերմաստիճանը։ Տեղումները մայիսին բավականին քիչ են եղել Սևանի շրջանում, քամիների պատճառով մեծ գոլորշացում է եղել», - ասաց նախախարը։

Նախարարը նշեց, որ հաշվարկներ են կատարվել պարզելու՝ որքա՞ն ափամերձ տարածք պետք է մաքրվի, և 2-3 տարվա ընթացքում հնարավոր կլինի՞ Սևանի մակարդակը զգալի բարձրացնել։

Նրա խոսքով՝  ջրում ճահճացած տարածքներն ամբողջությամբ ուսումնասիրվել են՝ 2 մասնագիտական խմբերով, դրոններով, տիեզերական պատկերներով. « Մոտ 770 հա տարածքի մասին է խոսքը, և այս տարի արդեն մաքրման մրցույթ է հայտարարված։ Կանենք ավելին, քան նախատեսված է։ 2020-2021 թվականներին այս ամբողջ տարածքը կմաքրվի»: