Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում գործող բանկային համակարգի ներկայացուցիչներին առաջարկել է փոխշահավետ համագործակցության եզրեր գտնել: Նա կարծիք է հայտնել, որ քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներ շատ ավելի արդյունավետ կարող են կառավարվել մասնավոր հատվածի կողմից եւ այդ դեպքում քաղաքային բյուջեն կարելի է ավելի նպատակային ու հասցեագրված դարձնել:
«Մի շարք գործառույթներ, որ քաղաքապետարանինն են, ունեն բիզնես տրամաբանություն եւ պետք է տրվեն բիզնեսին՝ կառավարման համար. դրանք են օրինակ՝ տրանսպորտը, աղբահանությունը, ավտոկայանատեղիները, հիվանդանոցները: Իսկ այն գործառույթները, որ բիզնես տրամաբանություն չունեն (սոցիալական, կանաչապատում, բարեկարգում, ճանապարհային շինարարություն եւ այլն) ամբողջությամբ պետք է կառավարի քաղաքապետարանը: Եվ եթե մենք կարողանանք այդ 2 խնդիրները ճիշտ դնել, նույնիսկ այն փոքր բյուջեի պարագայում, որ ունի Երեւան քաղաքը, մենք կարող ենք բավականին լավ արդյունքներ ունենալ: Համոզված եմ, որ մասնավորն ավելի էֆեկտիվ է կառավարում եւ մասնավորի կառավարման դեպքում նվազում են անգամ կոռուպցիայի ռիսկերը»,- նշել է քաղաքապետը:
Նա նաեւ առաջարկել է հեռուստաաշտարակի եւ հարակից տարածքների լուսավորության ծրագիրը, որը էականորեն կարող է փոխել քաղաքի գիշերային տեսքը:





























