Նովրուզի տոնը Հայաստանում անցկացնել ցանկացող իրանցիները գերադասում են իջեւանել հյուրանոցներում, քան՝ բնակարան վարձել: Երեւանյան հյուրանոցներն այս օրերին իրանցի զբոսաշրջիկների պակաս չեն զգում, ավելին, Նովրուզի տոնի պատճառով նրանցից «տեղ ու դադար» չունեն, իսկ ահա բնակարանների վարձակալությամբ զբաղվող գործակալություններն այս տարի իրանցիների մասով պակաս ակտիվ են աշխատել եւ գրեթե պարսիկ հաճախորդներ չունեն։ NEWS.am-ի թղթակիցը նման եզրահանգման եկավ անշարժ գույքի հայաստանյան մի շարք գործակալությունների ներկայացուցիչների հետ ունեցած զրույցի արդյունքում:
Ինչպես նշեց «Առնի» գործակալության աշխատակիցն, այս տարի իրանցի ոչ մի հաճախորդի բնակարանով չեն ապահովել։ «Ճիշտ է, եղել է, որ եկել են, նայել, բայց շատ քիչ թվով մարդիկ։ Վարձակալության պատվերներ չենք ստացել, ինչը չես ասի անցած տարվա մասին»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ իրանցիները մեկ օրվա համար այնուամենայնիվ, պատրաստակամություն են հայտնել վճարել մինչեւ 150 հազար դրամ:
«Արեւի լույս» գործակալությունից էլ հայտնեցին, որ իրանցի քիչ հաճախորդներ ունենալու հանգամանքն իրենք պայմանավորում են նրանով, որ ոչ բոլոր հայ ընտանիքներն են համաձայնում իրենց տներն վարձակալության տալ իրանցիներին: «Բնակարանների սեփականատերերը բողոքում են, որ իրանցիների մեջ ոչ բոլորն են մաքրասեր, շատերը աղմկում են եւ խանգարում հարեւաններին»,- ասաց մեր զրուցակիցը: Ընդ որում, բնակարանատերերը գերադասում են ընտանիքատեր իրանցիներին եւ միայնակ տղամարդկանց բնակարաններ տալ չեն համաձայնում։
Անշարժ գույքի «Էսկո կոնցերն» գործակալության ներկայացուցիչն էլ ասաց, որ իրենք բնակարաններ տրամադրում են բացառապես այն իրանցիներին, ովքեր Հայաստան գալիս են ընտանիքների հետ։ «Մենք, նախ, պետք է տեսնենք, ինչ տեսակ մարդիկ են, նոր միայն բնակարան տրամադրենք։ Օրինակ, 7 տղամարդիկ ցանկանում էին ապրել 2 սենյականոց բնակարանում, ինչին մենք, իհարկե, չհամաձայնեցինք, որքան էլ նրանք վճարունակ էին եւ մեկ օրվա համար համաձայն էին վճարել 150 դոլար»,- նշեց գործակալության աշխատակիցը՝ միաժամանակ ավելացնելով, որ այս տարի այդքան էլ մեծ թվով իրանցիների չեն ընդունել։
Դե իսկ «Կալորիա» անշարժ գույքի գործակալությունում հայտնեցին, որ իրենք իրանցիներին վարձակալությամբ բնակարաններ առհասարակ չեն տրամադրում։
Հատկանշական է, որ վերոնշյալ գրեթե բոլոր գործակալության ներկայացուցիչները ասացին, որ իրանցիները նախապատվությունը տալիս են առավելապես Երեւանի կենտրոնում գտնվող բնակարաններին եւ շատ քիչ են համաձայնում բնակարան վարձակալել Երեւանի ծայրամասերում։




























