Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` մարտի 21-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին եւ թեմի առաջնորդարանի դիվանապետ Գրիգոր Դավթյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-պետություն կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Արցախ-Սփյուռք համագործակցության խորացման, մեր երկրի զարգացման եւ առողջ հասարակության ձեւավորման տեսանկյունից՝ միաժամանակ ընդգծելով Հայ Առաքելական եկեղեցու թեմերի միջեւ կապերի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:





























