Վերջին շրջանում վրացական մամուլն ավելի ակտիվ է սկսել անդրադառնալ «անջատողական Ջավախքի» թեմային:
Որն է նման իրարանցման պատճառը, եւ ինչ են մտածում այդ թեմայի շուրջ ջավախքցիները, իր էջերում գրում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը:
«Մարտի 2-ին, ITV համացանց-հեռուստաընկերությունը, լուրերի բլոկում ցուցադրեց «Ջավախք` ականապատված տարածաշրջան» ռեպորտաժը, որը վերաբերում էր YouTube-ում տեղադրված այն տեսանյութին, որտեղ Ջավախքի հիմնի ֆոնի վրա գերբ է պատկերված: ITV –ի տեսանյութում հայտնում էին, որ հայազգի բլոգերները տեղեկատվություններ են տարածում Վրաստանի ղեկավարության կողմից Ջավախքում բնակվող էթնիկ հայերի իրավունքների խախտման վերաբերյալ: Այդ տեսանյութի լրագրող Խաթունա Կացիտաձեն Ջավախքը անվանել է անջատողական տարածաշրջան, եւ հանգում է այնպիսի եզրակացության, որ 2020 թվականին Հայաստանը Ջավախքը իր ձեռքը կառնի»,- գրում է պարբերականը:
Ինչ վերաբերում է այս թեմայի շուրջ Թբիլիսիում բնակվող հայերի արձագանքին, ապա նրանք մեղադրել են վրացական մամուլին` վրացիների եւ հայերի միջեւ ազգային ատելություն սերմանելու մեջ: Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թբիլիսիի հայ համայնքի վեհաժողովը հայտարարել է. «Խիստ անընդունելի է հայերին ներկայացնել որպես վրաց ժողովրդի մշակույթի եւ Վրաստանի տարածաշրջանային ամբողջականության նկատմամբ պահանջ ունեցող ազգ»:
Սամցխե-Ջավախքի հասարակական միության անդամ Արտակ Գաբրիելյանի կարծիքով, Ջավախքի շուրջ անհանգստությունը արհեստականորեն է ստեղծվում:





























