Վերջերս մամուլում եւ ինտերնետում բազմաթիվ հրապարակումներ են հայտնվել 2012թ. դեկտեմբերի 21-ին «աշխարհի կործանման» մասին: Այդ օրն իբր ավարտվում է Մայաների օրացույցը: Բացի այդ, 2012թ. հետ կապված շատ է խոսվում նաեւ Երկրի հետ դիցաբանական Նիբիրու (կամ Իքս) մոլորակի բախման, մոլորակների շքերթի, Երկիրն ու Արեգակը Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ դասավորվելու, Երկրի մագնիսական բեւեռների փոփոխման, Արեգակի աննախադեպ ակտիվության հետ կապված գեոմագնիսական փոթորիկների եւ այլ բնական աղետների ու ավերածությունների` երկրաշարժերի, հրաբուխների, ջրհեղեղների, փոթորիկների, ցունամիների եւ ընդհանրապես եղանակի ծայրահեղ դրսեւորումների: Ավելին, վերջերս արդեն սկսել են թվագիտական խաղարկումներ կատարել, իբր 21-12-12 մոգական թվեր են, կամ նույնիսկ փորձում են հաշվարկներ անել` գումարելով 21-րդ դարի երկու մեծ աղետների թվանշանները` ԱՄՆ-ում 11.09.2001թ. տեղի ունեցած ահաբեկչության եւ Ճապոնիայի 10.03.2011թ. երկրաշարժի օրերը, ամիսները եւ տարիները, ստանալով` 21.12.2012թ.: Անհրաժեշտ է նշել, որ այս ամենի մի մասը հորինված է, մի մասն էլ` խիստ չափազանցված: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Հայաստանի գիտական լրագրողների ակումբից:

Ըստ նրանց տրամադրած տեղեկատվության`օրինակ 2012թ. Երկրի հետ ոչ մի մոլորակի բախում, մոլորակների շքերթ, Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ Երկրի ու Արեգակի առանձնահատուկ դասավորություն կամ Երկրի բեւեռների փոփոխություն էլ չի սպասվում:

«Ճիշտ է արեգակի 11-ամյա պարբերական ակտիվությունը մոտենում է առավելագույնին (ինչը կդիտվի 2013-2014թթ.), սակայն դա լինելու է նորմայի սահմաններում եւ բնական աղետներն էլ կարող են լինել, ինչպես ցանկացած տարի»,-ասված է հայտարարության մեջ: Ինչ վերաբերում է Մայաների օրացույցին. ապա, այդ օրն ավարտվում է Մայաների օրացույցի հերթական պարբերաշրջանը, սակայն դրան հետեւելու է հաջորդը, այսինքն այդ վերջին կհաջորդի մեկ այլ սկիզբ: Նրանց օրացույցում յուրաքանչյուր ցիկլ բաղկացած է 1,872,000 օրից կամ 5,125.37 տարուց, եւ 2012թ. դեկտեմբերի 21-ին ավարտվելու է հերթական` 13-րդ ցիկլը, որն ըստ մայաների սկսվել է մ.թ.ա. 3114թ. օգոստոսի 11-ին: