Իրանը մեղադրել է Մեծ Բրիտանիային ապօրինաբար լցանավը զավթելու մեջ, որը իրանական նավթ էր տեղափոխում Ջիբրալթար՝ ասելով, որ այդ քայլը հավասարազոր է  ավազակությանը, տեղեկացնում է Mehr-ը։

Նախօրեին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը կանչվել է ԻԻՀ ԱԳ նախարարություն։

Համաձայն Իրանի ԱԳՆ հայտարարության՝ դեսպանի հետ հանդիպման ընթացքում Արեւմտյան Եվրոպայի  հարցերով Երրորդ դեպարտամենտի տնօրենը Մեծ Բրիտանիայի այդ քայլն անվանել է անընդունելի եւ կոչ է արել անհապաղ ազատ արձակել լցանավը։

Նշելով այն փաստը, որ լցանավը գտնվել է միջազգային ջրերում, իրանցի դիվանագետը Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ գործողությունները որակել է ավազակություն եւ ընդգծել է, որ Բրիտանիան իրավունք չունի մտցնել սեփական միակողմանի պատժամիջոցներ կամ ԵՄ պատժամիջոցներ այլ երկրների հանդեպ։

Հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի դեսպանին ներկայացվել են լցանավի եւ նրա բեռան մասին փաստաթղթեր, որոնք նշում են, որ նավի շարժը լիովին օրինական է։

Նաեւ ընդգծվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կօգտագործի իր բոլոր քաղաքական եւ իրավական հնարավորությունները՝ ապահովելու համար նավի ազատումը եւ նրա իրավունքների պաշտպանությունը։

Մեծ Բրիտանիայի դեսպանն ասել է, որ անհապաղ կփոխանցի բողոքը Լոնդոն՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան չի հետեւում Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին։