CSIS ընկերության մասնագետները, որոնք մասնագիտացած են կիբեռանվտանգության ոլորտում, հայտնաբերել են Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար նոր խարդախ հավելվածը, որի զոհերը կարող էին դառնալ մի քանի միլիոն մարդիկ, հայտնում է Medium պորտալը:
Փորձագետների խոսքով՝ օգտատերերին առաջարկվում է Google Play խանութում ներբեռնել «Updates for Samsung» («Թարմացումներ Samsung-ի համար») հավելվածը, որտեղ իբր պաշտոնական մշակողների կողմից հավաքված են սմարթֆոնի համար լավագույն բարելավումները:
Սակայն հավելվածը տեղադրելուց հետո օգտատերերը հայտնվում են update.com կայքում, որտեղ տեղադրված են Android-ի մասին տարբեր հոդվածներ ու լուրեր, որոնք նվազեցնում են օգտատերերի զգոնությունը:
Դրանից բացի, հավելվածի որոշ բաժիններում տեղադրված են բազմաթիվ գովազդային հայտարարություններ, որոնք խանգարում են հարմարավետ օգտագործմանը, եւ որոնք առաջարկվում է էկրանից հեռացնել 9 դոլարով: Հավելվածը նաեւ առաջարկում է 34,9 դոլարով սմարթֆոնի թարմացման տարեկան բաժանորդագրություն: Սակայն ծառայությունների վճարումը տեղի է ունենում ոչ թե GooglePlay-ի միջոցով, այլ հավելվածն է ստանում օգտատիրոջ վարկային քարտի մասին ամբողջ տեղեկատվությունը:
Այդուհանդերձ, հավելվածում անվճար թարմացման հասանելիություն կա, բայց այդ դեպքում ներբեռնման արագությունը ժամում 56 կիլոբայթը չի գերազանցի, իսկ 700 մեգաբայթի ֆայլը կներբեռնվի մոտ 4 ժամում: Ուստի օգտատերերից շատերը չեն ցանկանում սպասել եւ նախընտրում են վճարել, որպեսզի «թարմացումն» ավելի արագ ստանան, բայց իրականում հավելվածին են փոխանցում իրենց վարկային քարտի տվյալները:
Ընկերության փորձագետները օգտատերերին կոչ են անում ուշադիր լինել, քանի որ հավելվածը Google Play-ում ավելի քան 10 միլիոն բեռնում ունի, եւ հայտնի չէ, թե այդ օգտատերերից քանիսն է փող փոխանցել: Մասնագետները նաեւ շեշտում են, որ սմարթֆոնը պետք է թարմացնել միայն ներքին կարգավորումներով, այլ ոչ թե կողմնակի հավելվածներով:





























