Իրանի նախագահ Հասան Ռոհանին նախազգուշացրել է Մեծ Բրիտանիային հետեւանքների մասին՝ կապված Ջիբրալթարում լցանավի կալանման հետ։ Նա մեղադրել է Ջիբրալթարին օկուպացիայի մեջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Անգլիացիները անթույլատրելիորեն կալանել են նավն Իսպանիայի տարածքային ջրերում, քանի որ այդ տարածքը պատկանում է Իսպանիային»,- ասել է Ռոհանին, որի խոսքերը հրապարակվել են նրա պաշտոնական կայքում։
Նրա խոսքով՝ բրիտանացիների կողմից նավի կալանումը սխալ քայլ էր։ «Համաշխարհային մակարդակով բոլորը պետք է ձգտեն ապահովել ծովային երթուղիների լիակատար անվտանգությունը։ Իսկ անգլիացիներին ես նախազգուշացրել եմ, որ դուք... կհասկանաք հետեւանքները (այդ գործողությունների)»,- ավելացրել է Իրանի նախագահը՝ նշելով, որ բրիտանացիներն իրենց գործողություններով անվտանգությունը դնում են սպառնալիքի տակ։
Անցած հինգշաբթի հայտնի դարձավ, որ բրիտանական Ջիբրալթարի իշխանությունները կալանել են սուպերլցանավը, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա, ինչը հերքել են իրանական իշխանությունները։ Ինչպես տեղեկացրել է Ջիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոն, նման միջոցներ ձեռնարկվել են «տեղեկատվության պատճառով, որը Ջիբրալթարի կառավարությանը խելամիտ հիմքեր է տալիս կարծելու, թե Grace 1 նավն իսկապես խախտել է Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցները»։ Ինչպես ասել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժոզեպ Բորելը, Ջիբրալթարի իշխանությունները սուպերլցանավը կալանել են ԱՄՆ խնդրանքով։
Իրանի ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին, իսկ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ասել էր, որ Թեհրանն անընդունելի է համարում Ջիբրալթարում լցանավի կալանումը պատժամիջոցների պատճառով, որոնք չեն հենվում ՄԱԿ որոշումների վրա։ Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին կիրակի մամուլի ասուլիսում ասել է, որ լցանավը նավթ չէր տեղափոխում Սիրիա։
Ջիբրալթարը վիճելի տարածք է Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ, վեճն ընթանում է ավելի քան 300 տարի։ 1967 եւ 2002 թվականների հանրաքվեների ընթացքում ջիբրալթարցիների 99 տոկոսը ցանկացել է մնալ Բրիտանիայի կազմում։ Ունեն սահմանադրություն, որն ընդունվել է 2006-ի հանրաքվեով, որի համաձայն՝ օրենսդիր իշխանությունը պատկանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին եւ Ջիբրալթարի խորհրդարանին։ Իսպանիան առաջարկել է Ջիբրալթարում հաստատել «համատեղ ինքնիշխանություն»։ Մադրիդի կածիքով՝ ժամանակի ընթացքում պետք է վերականգնվի իսպանական ինքնիշխանությունն այս տարածքի հանդեպ։





























