ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կարլ Լամերսը աջակցություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաեւ Դաշինքին ինտեգրվելուն:  

«Ես այստեղ եմ եկել, որպեսզի եւս մեկ անգամ հայտնեմ իմ աջակցությունը Վրաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին»,-հայտնել է Լամերսը մարտի 22-ին, Վրաստանի խորհրդարանի նախագահի` Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպումից հետո, նշելով, որ Վրաստանը մեծ ներդրում է կատարում Աֆղանստանում իրականացվող խաղաղարար առաքելության հարցում:  

Նրա խոսքով` Վրաստանը «կարեւոր գործ է անում համաշխարհային անվտանգության համար, եւ մենք դա գնահատում ենք»: «Ուզում եմ նշել նաեւ, որ մենք աջակցում ենք Վրաստանի` ալյանսին ինտեգրվելուն: Այդ ուղղությամբ մեր երկիրը մեկ անգամ չէ, որ կարեւոր քայլ է կատարել»,-նշել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահը:

Իր հերթին Բաքրաձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի հետ համագործակցությունը «այն կուրսի եւ այն ընտրության մասն է, որը կատարել է Վրաստանի ժողովուրդը»:

Չորեքշաբթի Լամերսը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԽՎ-ի «Rose-Roth» 76-րդ սեմինարին: Եռօրյա սեմինարին կմասնակցեն Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Վրաստանի պատվիրակությունը, Վրաստանում համատարմագրված դիվանագիտական առաքելություններն, ինչպես նաեւ փորձագետները: