Իրավիճակը Ճապոնիայում կարող է խորանալ, քանի որ սպառնալիք կա, առաջին հերթին ճապոնական ԱԷԿ-ի մերձակա շրջանների համար: Այդ մասին հայտարարել է Չեռնոբիլի գոտու հարցերով պետական գործակալության պետի տեղակալ Դմիտրի Բոբրոն` Երեւան-Մոսկվա-Կիեւ հեռուստակամուրջի ընթացքում:

Նրա խոսքով, առայժմ հիմք չկա խոսելու իրավիճակի կայունացման կամ առաջընթացի մասին:

«Ճապոնական ԱԷԿ-ից արտանետումները կապված են, առաջին հերթին, թեթեւ թռչող բաղադրիչների հետ: Իրավիճակը կարող է բարդանալ, եթե վառելիքը ռեակտորում հալչի, ճեղքի կեղեւը եւ դուրս հորդի»,- ասել է փորձագետը` նշելով, որ այդ համատեքստում իրավիճակը Ճապոնիայում նման է չեռնոբիլյան իրադարձություններին: Թեեւ, ըստ փորձագետի, Ճապոնիայում իրադրությունը չի կարող հասնել Չեռնոբիլի մակարդակին:

«Թայֆուն» կազմակերպության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Շերշակովը նկատել է, թե Պեկինի, Տոկիոյի, Բաշինգտոնի, Մոնրեալի օդերեւութաբանական կենտրոնների հաշվարկներով ԱԷԿ-ի վթարի գոտում աղտոտված զանգվածները չեն անցել մերձակա երկրներ եւ մեծ ռիսկեր չկան: