Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ` Ավան համայնք՝ գյուղացիների հետ քննարկելու «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում եւ մրցունակություն» ծրագիրը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արագածոտնի մարզի համայքներից ծրագրում ներգրավված են 6-ը` Ավանը, Ն. Սասնաշենը, Թաթուլը, Նորաշենը, Գեղաձորը, Արագածը։ Ծրագրի շրջանակներում կիրականացվեն արոտների ջրարբիացման, դեպի արոտները տանող ճանապարհների վերականգնման, հեռավոր արոտներում շինությունների կառուցման, մթերման կետերի, արտադրամասերի ստեղծման, գյուղտեխնիկայի ձեռքբերման նախագծեր։

«Ծրագրի նպատակն է օգնել հատկապես լեռնային շրջանում բնակվող գյուղացիներին, որոնց միակ ապրուստը անասնապահությունն է»,- նշել է գյուղնախարարը` ավելացնելով, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է անասնագլխաքանակի ավելացում եւ արոտավայրերի բարելավում։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում նշել է, որ ծրագրի հաջողությունը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, որ միասին է կառավարվելու կոոպերատիվը։ «Դրա արդյունքում դուք կստանաք լուրջ օժանդակություն, որի շնորհիվ կավելացնեք արտադրողականությունը` նպաստելով նաեւ ձեր եկամուտների աճին»,- նշել է վարչապետ Սարգսյանը` ավելացնելով, որ կոոպերատիվի հաջող կառավարման գաղտնիքը համախմբված աշխատանքի մեջ է։ Ծրագիրն այժմ պիլոտային փուլում է, որը հաջողությամբ գործարկելու դեպքում, կիրականացվի 55 համայնքներում։

Կաթի գների տատանումներից խուսափելու նպատակով կառավարության ղեկավարը գյուղացիներին առաջարկել է հաշվարկել, թե ինչ ծավալի վերամշակող գործարան է անհրաժեշտ իրենց համայնքի համար, եւ խոստացել, որ պետությունը կօժանդակի գործարանի ստեղծմանը։ «Եթե ցանկանում եք ինքներդ գին թելադրել, պետք է մտածեք ուժեղ լինելու մասին, հույսներդ դնեք միայն ձեր վրա։ Եթե կա մի ընկերություն, որն իր գինն է ձեզ թելադրում եւ դուք ուզում եք պայքարել դրա դեմ, պետք է միասնական լինեք»,-ասել է վարչապետը:

Նշենք, որ նոր կոոպերատիվը ձեւավորվելու է Ավան համայնքում նախկինում գոյություն ունեցող կոպերատիվի հիման վրա, որն ունի երկու սառնարանային տնտեսություն:

Վարչապետը նաեւ նշել է, որ 2011թ. անհամեմատ կնվազեն գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները: