ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մարտի 22-ին ժամանել է Խաբարովսկ քաղաք, որտեղ Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Վյաչեսլավ Շպորտի հետ քննարկել է Հայաստանի մարզերի եւ վերոնշյալ երկրամասի միջեւ համագործակցության հեռանկարները:
Իր ողջույնի խոսքում նահանգապետ Շպորտը նշել է, որ Ռուսաստանն ունի վաղեմի բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ, եւ երկու երկրների դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ համահունչ են:
Անդրադառնալով Խաբարովսկի երկրամասի եւ Հայաստանի միջեւ փոխշփումներին՝ Վյաչեսլավ Շպորտը նկատել է, որ երկրամասի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության արդյունավետության եւ նպատակահարմարության վառ օրինակ է հայաստանյան ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության կողմից քաղաքացիական «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռի ձեռքբերումը: Այս հանգամանքը, ըստ նահանգապետի, պետք է խթանի մեքենաշինության ոլորտում Խաբարովսկի երկրամասի հետ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:
Իր հերթին դեսպան Եսայանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության ընդլայնմանն ամենատարբեր բնագավառներում:




























