Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հիշեցրել է Իրանի կողմից իր պարտավորությունները կատարելու կարեւորության մասին: Նրա խոսքով, դա է ցանկանում միջազգային հանրությունը:
Դիվանագետն ընդգծել է Իրանին բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելու կարեւորությունը, ընդունված բանաձեւերի եւ պարտավորությունների կատարումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով բոլոր երկրներին արգելվում է Իրանին հանձնել ատոմային տեխնոլոգիաներ, նյութեր կամ ծառայություններ: Առ այսօր ընդունվել է ՄԱԿ ԱԽ 6 բանաձեւ, որոնք տնտեսական եւ որոշակի քաղաքական պատժամիջոցներ են սահմանում Իրանի դեմ:





























