Բոլորն ուշադիր հետեւում են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին: Այստեղ պատմական դեպքեր են տեղի ունենում»,- հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը մարտի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գործողությունները Լիբիայում դեսպանը  հայտարարել է, որ դրանք ուղղված են պաշտպանելու Լիբիայի խաղաղ ժողովրդին։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա պաշտոնական Վաշինգթոնը ինչպես եւ նախկինում, առաջնորդվում է սեփական շահերով եւ արժեքներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որը ենթադրում է  ցանկացած գործողություն, այդ թվում ռազմական միջամտություն՝ Լիբիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Բանաձեւն արգելում է միայն ցամաքային ներխուժումը Լիբիայի տարածք:

Մարտի 19-ին Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական օդանավերն սկսեցին ռմբահարել Լիբիայի տարածքը: Մի քանի ժամ անց նրանց միացան նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օդանավերը:

Լիբիայի դեմ ռազմական միջամտության օգտին արտահայտվել են մի շարք եվրոպական եւ արաբական երկրներ։