Երեւանի քաղաքապետարանն արգելել է Հայ ազգային կոնգրեսին ապրիլի 8-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Վահագն Խաչատրյանը եւ Լեւոն Զուրաբյանը մարտի 21-ին Երեւանի քաղաքապետարան են ներկայացրել իրազեկում`  ապրիլի 8-ին ժամը 16:00-23:00-ն (մոտավոր) Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի մարտի 23-ի որոշմամբ, արգելվել է Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը` հետեւյալ հիմնավորմամբ. նշված եւ դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով ընդունվել են ի գիտություն։

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին, իսկ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն: