Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին այսօր՝ մարտի 23-ի գիշերը մայրաքաղաք Տրիպոլիում ելույթ է ունեցել իր կողմնակիցների առաջ:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ելույթը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսությամբ:

Քադաֆին իր կողմնակիցներին է դիմել իր նստավայրերից մեկի պատշգամբից: Նա կրկին հայտարարել է, որ Լիբիան «ցանկացած գնով» հաղթանակ է տոնելու այն երկրների դեմ, որոնք «իսլամի դեմ խաչակրաց արշավանք» են սկսել եւ կոչնչացնի ռեժիմի հակառակորդներին երկրի ներսում:

Քադաֆիի խոսքով, Լիբիայի վրա է հարձակվել «ֆաշիստների կույտը», որոնք, ի վերջո, հայտնվելու են «պատմության աղբարկղում»:

Նշենք, որ Բաբ ալ-Ազիզիա ռազմակայանը, որը Քադաֆիի համար որպես նստավայր է ծառայում, մարտի 21-ի երեկոյան ռմբակոծման է ենթարկվել արեւմտյան կոալիցիայի օդուժի կողմից: Թե ինչ վնաս է կրել նստավայրը, չի հաղորդվում: