Անցած գիշեր Շիրակի մարզի Առափի համայնքում սողանքի հետեւանքով սարի լանջը շարժվել է. մասնակի փլուզվել են 2 տներ: Ընտանիքներից մեկն շտապ տարհանվել է ուրիշ բնակարան, մյուսին առաջարկել են հատկացնել մեկ դասասենյակ Առափի գյուղի դպրոցից, քանի որ ինչպես մասնագետներն են նշել, չի բացառվում, որ հենց այսօր տունն իր բնակիչներով հայտնվի սարի տակ:

«Լուսադեմին ձայներից արթնացանք ու նկատեցինք, որ սարը մեր տան վրա է գալիս:  Եթե չլինեին պատուհանների ճաղավանդակները, ապա բնակարանի մի հատվածն ամբողջությամբ փլված կլիներ: Մեկ գիշերվա ընթացում տունն իր ընդհանուր տեսքը կորցրել է՝ առաստաղը դեֆորմացել,  հատակը քանդվում է, սենյակներն էլ ջուր է լցվում»,- պատմել  է Առափիի բնակիչ Ռուստամ Պողոսյանը: Նրա հինգ հոգանոց ընտանիքին տարհանել են այսօր, սակայն կրկին սողանքային գոտում են բնակարան առաջարկում:

Նշենք որ համայնքի շուրջ 120 տնտանիք ապրում է սողանքային գոտում, նրանցից 20-ի վիճակն առավել լուրջ է, իսկ 10 ընտանիք գյուղապետարանի տվյալներով անհապաղ տարհանման է ենթակա: Գյուղացիները ահազանգում են, գյուղ այցելելու եւ իրավիճակը գնահատելու կարիք այլեւս չկա, վիճակն ակնհայտ է, ուստի հորդորում են գյուղին  եւ գյուացիներին օգնելու կոնկրետ քայլեր ձեռնարկել: