ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից  զոհված 24–ամյա պայմանագրային զինծառայող  Արման Բուլղադարյանը Վանաձորից էր։

NEWS.am–ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտնեց, որ Արմանը 2015–ին ավարտել էր պարտադիր զինվորական ծառայությունը և մեկնել Ռուսաստան, սակայն մեկ տարի անց հոր հորդորով վերադարձել էր Հայաստան և անցել է պայմանագրային ծառայության։

Ասլանյանը հայտնեց, որ Արմանի հայրը՝ Արայիկ Բուլղադարյանը Պետական պահպանության ծառայության ոստիկան է.

«Խելոք, աշխատող ընտանիք է, ցավալի դեպք է մեր քաղաքի համար»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Արման Բուլղադարյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: