Ես միշտ աշխատել եմ ներքին գործընթացներն անտեղի չկապել մեծ աշխարհաքաղաքական գործընթացների հետ, բայց սա այն դեպքն է, որ իմաստ ունի որոշ ուշադրություն դրան դարձնել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է իրական համարում պնդումները, որ գոյություն ունի Արցախի խնդրի լուծման Բոլթոնի պլան եւ Ռոբերտ Քոչարյանը կարող էր խանգարել դրա իրականացմանը:
«Դուք գիտեք, որ նախագահ Քոչարյանը ղարաբաղյան կարգավորման գործընթացն ընդունել է այն վիճակում, երբ մենք ունեինք Լիսաբոնի փաստաթուղթը 1996 թվականի, որտեղ Հայաստանն, իհարկե, վետո էր կիրառել, բայց պարզ էր, որ համաշխարհային հանրությունը տեսնում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Ինքն ընդունել է կարգավորւմն այն շրջանում, երբ Տեր-Պետրոսյանը իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով էր հանդես եկել, եւ ըստ էության, համոզում էր, որ մինչեւ Ղարաբաղը չտանք, լավ չենք ապրի: Երբ ինքը հեռացել է նախագահի պաշտոնից, մենք ունեցել ենք մի փաստաթուղթ, խոսքը մադրիդյան փաստաթղթի մասին է, որին Երեւանը մինչեւ վերջ համաձայն չի եղել, ասել է, որ մեծ վերապահումներ ունի այդ փաստաթղթի վերաբերյալ, բայց այնուամենայնիվ, այդ փաստաթղթում ամրագրված է, որ ԼՂ ապագան որոշվելու է իր բնակչության կամարտահայտման միջոցով, որի արդյունքները մենք կարող ենք ենթադրել»,-ընդգծեց Սողոմոնյանը:
«Մենք ունենք «Սերգո ջան, լավ չես ապրելու» եւ «զարգանալ ու ոչ մի բան չզիջել», «Զարգանալ ուժեղ Ղարաբաղով, Ղարաբաղը դիտել ոչ թե որպես բեռ, այլ հնարավորություն» փիլիսոփայությունների բախում: Այսինքն չտրվելով առկա վերլուծություններին, չեմ կարող չնկատել դրանց կապն իրականության հետ»,-ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:











