NEWS.am–ի տեղեկություններով՝ Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում գնացքի էլեկտրաքարշակների վագոնների վթարման եւ դրան հաջորդած հրդեհի հետեւանքով այրված վառելիքը պատկանում է «CPS oil քորփորեյշն» ընկերությանը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ընկերությունից։

Նշենք, որ Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտ վառելիքով բեռնված ցիստեռներից 7–ը կողաշրջվել եւ այրվել են։

Ընկերությունից NEWS.am–ին հայտնեց, որ վնասի չափը հաշվարկվում է։

Հարցին՝ արդյոք բեռը ապահովագրված է, թե ոչ, «CPS»–ի ներկայացուցիչը պատասխանեց, որ ապահովագրման հարցը կարգավորվում է «Միջազգային բեռնափոխադրումների մասին» օրենքին համապատասխան կարգով։

Ընկերությունից նաեւ տեղեկացրեցին, որ վերջին 7 տարվա ընթացքում սա երկրորդ նմանատիպ դեպքն է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 29–ին ժամը 4–ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող գնացքի էլեկտրաքարշակները՝ 29 վագոնով, որից 19–ը վառելիքով բեռնված, Բագրատաշենից Գյումրի ընթանալիս վթարվել են։ Վթարի հետեւանքով վառելիքով բեռնված ցիստեռներից 7–ը կողաշրջվել եւ այրվել են։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի փոխանցմամբ, հրդեհը մարվել է ժամը 7.30-ին:   Հրդեհի հետեւանքով՝ զոհեր եւ վիրավորներ չկան:

Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: