Մինչ Երևանի քաղաքապետարանին դեռևս չի հաջողվում հաղթահարել աղբի ճգնաժամը մայրաքաղաքում, «Սանիթեքի» շուրջ կրքերն ավելի են բորբոքվել վերջին օրերին։ Նախօրեին քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ Հայկ Մարությանը կոշտ էր խոսել «Սանիթեքի» ներկայացուցչի հետ՝ նախազգուշացնելով, որ իրենք թույլ չեն տալու ինչ-որ մասնավոր ընկերության այսքան անհարմարություններ պատճառել երևանցիներին։ 

«Սանիթեքը» հայտարարեց, որ մտադիր է ասուլիս տալ Վրաստանում։ Սա համացանցում բուռն քննարկումների տեղիք տվեց, հատկապես իշխանության ներկայացուցիչները մեղադրում էին «Սանիթեքին», թե ընկերությունը ուզում է վնասել երկրի հեղինակությանը։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն էլ հրատապ ասուլիս հրավիրեց Կառավարության դիմաց, որի ընթացքում ընկերությանը կոչ արեց զերծ մնալ այդ քայլից՝ նշելով, որ դա կարող է վատ ազդակ լինել օտարերկրյա ներդրողների համար։ 

Խաժակյանը նաև նկատեց, որ ընտրվելիս Հայկ Մարությանը խոստանում էր լուծել աղբահանության խնդիրը, իսկ Նիկոլ Փաշինյանը երաշխավորում էր այդ խնդիրների լուծումը, մինչդեռ հիմա Փաշինյանը մի կողմ է քաշվել։ 

Ավելի ուշ, «Սանիթեք» ընկերությունը տարածեց հայտարարություն՝ նշելով, որ մամուլի ասուլիսը տեղափոխվում է Երևան, ի դեպ, ուշագրավ է, որ ընկերության  հայտարարությունում ասվում էր, Թբիլիսիում մամուլի ասուլիս իրականացնելը միակ ճանապարհն էր «Սանիթեքի» տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը, քանի որ նրանց ներկայությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ, քանի որ չունեն երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի նկատամամբ չեն իրականանցի ոչ իրավաչափ հետապնդումներ։  Լրատվամիջոցներում այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ «Սանիթեք» ընկերության նկատմամբ իշխանությունները որոշել են քրեական գործ հարուցել և կալանավորել։ Սանիթեքի լիբանանահայ ղեկավարներն իմացել են այդ մասին ու լքել Հանրապետության տարածքը։ 

Հուլիսի 30–ի երեկոյան ՀՀ ՀՔԾ–ում մեղադրանք է առաջադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Դավիթ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ Դավիթ Գրիգորյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարել է, որ սա ուղիղ կապ ունի իր` որպես դատավորի մեկ այլ գործով կայացված երկու որոշումների հետ։ «Սա հերթական առիթն էր համոզվելու, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ ուղղակի հետապնդում է դատավորի նկատմամբ, որով փորձ է արվում սաստել նաև մյուս դատավորներին»,– ասել է փաստաբանը՝ նշելով, որ միաժամանակ, այսպես լուծվել է նաև Ռոբերտ Քոչարյանի գործն այլ դատավորի փոխանցելու հարցը։ Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանի որոշմամբ էր Ռոբերտ Քոչարյանն ազատվել կալանքից։ 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Գոլոս Արմենի»-ին։ Նշելով, որ իր նկատմամբ մեկ տարվա հետապնդումներն ընթանում են ապօրինություններով, Քոչարյանն ասել է․

«Երկրի դատախազությունը վերածվել է քաղաքական ինկվիզիցիայի։ Սակայն այս ամենը մի դրական հանգամանք ունի: Իշխանությունը, հիստերիայի մեջ, դեն գցեց արդարության համար պայքարողի բարեսիրտ դիմակը` ցուցադրելով բոլորին, որ իր կարգախոսները եւ հնչեցրած արժեքներն իրականության հետ որեւէ առնչություն չունեն: Դա չափազանց կարեւոր է հասարակության մտածող մասի համար, եւ իշխանությունն արդեն զրկվել է նրա աջակցությունից»։

Քոչարյանի խոսքով՝ կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը չի դիմանա և վերընտրվելու հեռանկար չունի։

«Կարծում եմ՝ իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով»,- ասել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահի կարծիքով, աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված և մասշտաբային բնույթ։ 

Մանվել Գրիգորյանն այսօր կրկին ներկա չէր իր գործով դատավարությանը։ Փաստաբանի խոսքով, նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց հանել Մանվել Գրիգորյանին պատկանող ընկերություններից մեկի վրա դրված կալանքը, որպեսզի ՊԵԿ-ը կարողանա այն աճուրդի հանել, և ստանալ ընկերության չվճարած 1 միլիարդ դրամի հարկային պարտավորությունները։ Միաժամանակ, Մանվել Գրիգորյանի փաստաբանը միջնորդեց հանել իր պաշտպանյալի և նրա կնոջ դրամական միջոցների վրա ավելի քան մեկ տարի դրված կալանքը, որպեսզի ԵԿՄ նախկին ղեկավարը կարողանա հոգալ հետագա բուժման, փաստաբանական, նաև ուսանող և անչափահաս երեխաների ծախսերը, սակայն դատավորը մերժեց այդ միջնորդությունը։  Փաստաբանը հերթական անգամ միջնորդեց Մանվել Գրիգորյանին ազատել գրավի դիմաց՝ այս անգամ առաջարկելով 25 միլիոն դրամ, դատավորը կրկին մերժեց միջնորդությունը։ 

Մահացել է ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։ Նա տարբեր տարիներին գեղարվեստական ղեկավար է եղել երևանյան տարբեր թատրոններում, բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել։ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի հայրն էր, Գալյա Նովենցի ամուսինը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լուսանկարներ հրապարակել իր հանգստից։ Առավոտյան նա ընտանեկան լուսանկար է հրապարակել ֆեյսբուքում և գրել․ «Արձակուրդի այս օրերին վայելում ենք երբեմնի կյանքի հաճույքները. ընտանիքով տեղաշարժվում ենք մեր «բարի» «Nissan Qashqai»-ով»։ 

Ավելի ուշ, Փաշինյանը ևս 1 լուսանկար է հրապարակել, որում նրանք ընտանիքով ուտում են եգիպտացորեն և գրել․ «Մեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք»։ 

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Հանգստյան տան լողավազանում ջրահեղձ է եղել 2 տղա երեխա, 5 և 3 տարեկան։ Նրանք եղբայրներ էին, ընտանիքը Երևանից հանգստյան տուն էր գնացել Վարդավառը նշելու և այդ օրը պետք է վերադառնային։ Մի քանի ժամ երեխաներին փնտրել են, ապա հայտնաբերել լողավազանում ջրահեղձ եղած։ 

Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն՝ թանկացել։ Դոլարի փոխարժեքը կազմել է 475, եվրոյինը՝ 530,   բրիտանական ֆունտինը՝ 579, ռուսական ռուբլունը՝ 7․51 դրամ։ 

Հուլիսի 31-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով, բայց ուրբաթ օրվանից շոգը կսկսի նահանջել։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +22+24, վաղը ցերեկը՝ +38+40։