Սիրիայի հարավում Դերաա քաղաքում ցույցը ցրելու ժամանակ զոհվածների թիվը հասել է 25-ի, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով բժշկական աղբյուրները:

«Մենք զոհերի մարմինները ստացել ենք երեկոյան ժամը 17-ին, դրանց բոլորի վրա հրազենային վնասվածքներ են»,- ասել է հիվանդանոցի ներկայացուցիչը:

Իրավիճակը Դերաայում սրվել էր, երբ ուրբաթ կայացած ցույցի ցրման ժամանակ մարդիկ էին զոհվել:

Սիրիայի ուժայինները չորեքշաբթի գրոհել են եւ կրակ բացել նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների հերթական ցույցի մասնակիցների ուղղությամբ: Երիտասարդները կրկին փողոց էին դուրս եկել, սակայն նրանց ցրել էին ոստիկանության ներկայացուցիչները: