Հայաստանի եւ FRONTEX գործակալության միջեւ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի արդյունքը պետք է լինի տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր՝ մայիսի 24-ին ընդունել է Եվրամիության արտաքին սահմանների օպերատիվ կառավարման գործակալության (FRONTEX) գործադիր տնօրենի հատուկ հարցերով խորհրդական Գրահամ Լիզին եւ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ռիկ Վեյջերմանսին:

Գործակալությունը առանցքային դերակատարում ունի սահմանների կառավարման  ինտեգրված մոդելի զարգացման գործում` ապահովելով Եվրամիության արտաքին սահմանների անվտանգությունը, ինչպես նաեւ` նպաստելով երրորդ երկրների հետ համագործակցության զարգացման եւ միգրացիոն հոսքերի նպատակաուղղված  կառավարման գործընթացներին:

Գործակալությունը սերտ համագործակցում է ԵՄ-ի եւ նրա արտաքին սահմանների  անվտանգության համար պատասխանատու մարմինների հետ, մասնավորապես` Եվրոպոլի, մաքսային, ֆիտոսանիտարական եւ անասնապահական հսկողության, ներքին եւ սահմանային անվտանգության համար պատասխանատու իրավապահ մարմինների:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերին ստորագրել երկկողմ համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա իրականացնել համատեղ օպերացիաներ եւ պիլոտային ծրագրեր:  Արթուր Բաղդասարյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը մեծ նշանակություն կունենա ԵՄ չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ ունենալու, սերտիֆիկացված լաբորատորիաներ ձեւավորելու, ինչպես նաեւ` արհեստավարժ կադրեր պատրաստելու համար:

Գործակալությունն արդեն համագործակցության երկկողմ համաձայնագրեր է  կնքել ԵՄ անդամ 13 երկրների հետ, որոնք ներառված են  Շենգենյան գոտում: