Իրանը երեքշաբթի Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) առաջարկել է հանդիպումների շարք՝ երկու երկրների միջեւ առկա սահմանային տարաձայնությունները հարթելու համար։ Այսպիսի նախաձեռնությամբ, ինչպես տեղեկացնում է Al Alam հեռուստաալիքը, հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ծառայության պետ, գեներալ Քասեմ Ռեզաին։ Նա Թեհրանում հանդիպել է ԱՄԷ զինվորական պատվիրակության հետ՝ մերձափնյա պահպանության պետ, գեներալ Ալի Մուսլիհ ալ Ահբաբիի գլխավորությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարող էինք տարեկան երկու անգամ Թեհրանում եւ Աբու Դաբիում կոորդինացիոն խորհրդակցություններ անցկացնել համատեղ սահմանի անվտանգության ապահովման համար»,- նշել է գեներալը։ Նրա խոսքով՝ «երկկողմ առեւտրային գործընկերությունում նկատվող վերելքը ստեղծում է լավ հիմք սահմանային խնդիրների կարգավորման համար»։ Ռեզաին նշել է նաեւ, որ «անթույլատրելի է արտասահմանյան երկրների միջամտությունն այն հարցերին, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը»։
Իր հերթին, Էմիրաթների պատվիրակության ղեկավարն ասել է, որ կողմ է Պարսից ծոցում անվտանգ ծովային նավագնացության ապահովմանն ուղղված համատեղ միջոցառումների շարունակմանը։ Նա բարձր է գնահատել նաեւ Իրանի ջանքերը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում։ «Երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդումը կդնի տարածաշրջանում անվտանգության ամուր հիմքերը»,- ընդգծել է ալ Ահբաբին։
Երկու երկրների սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2013-ին։ ԱՄԷ-ն Իրանի հետ վիճարկում է Հորմուզի նեղուցի մոտ երեք կղզիների (Աբու Մուսա, Մեծ եւ Փոքր Թոմբեր) պատկանելության հարցը։





























