Վլադիվոստոկ քաղաքում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը այսօր՝ մարտի 24-ին հանդիպել է Մերձծովյան երկրամասի գուբերնատոր Սերգեյ Դարկինի հետ եւ քննարկել երկրամասի եւ ՀՀ մարզերի միջեւ արդյունավետ համագործակցության խորացման հարցերը:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Եսայանը գուբերնատորի հետ հանդիպմանը նշել է, որ Մերձծովյան երկրամասի եւ ՀՀ մարզերի միջեւ սերտ կապերը կնպաստեն նոր հնարավորությունների եւ տնտեսական համագործակցության նոր ձեւաչափի ստեղծմանը: Նա ընդգծել է նաեւ երկկողմանի ներդրումային նախագծերի իրականացման անհրաժեշտությունն ինչպես տնտեսական եւ համատեղ ձեռնարկատիրության ոլորտներում, այնպես էլ հումանիտար բնագավառում:

Սերգեյ Դարկինն իր հերթին դեսպան Եսայանին ներկայացրել է Մերձծովյան երկրամասի սոցիալ-տնտեսական զարգացման եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը, այդ թվում` շեշտելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Նշվել է նաեւ, որ երկրամասն ակտիվ համագործակցում է Մերձավոր եւ Հեռավոր արեւելքի 90-ից ավելի երկրների հետ: 2010թ. ապրանքաշրջանառությունը 2009-ի համեմատ 1,7 տոկոսով աճել է ՝ հասնելով 5,5 մլն ԱՄՆ դոլարի: Հայաստանի կշիռը կազմել է 1 տոկոս: Այս առիթով կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու ակտիվացմանը փոխշահավետ պայմանների հիման վրա:

Գուբերնատոր Դարկինը նկատել է, որ հայ համայնքը երկրամասի մյուս համայնքների հետ միասին ակտիվ մասնակցում է կազմակերպվող տարաբնույթ նախաձեռնություններին՝ փառատոններին, ցուցահանդեսներին եւ հասարակական ֆորումներին: