Երեւանում աշնանը կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) կազմակերպիչները շարունակում են նշել համաժողովի մասնակիցների անունները։
WCIT 2019-ի ընթացքում ելույթ ունեցողներից մեկն է լինելու Siemens ընկերության կայուն զարգացման եւ քաղաքների գծով ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը։
Siemens-ում եւ ընկերությունից դուրս կառավարման հարցերի խորհրդատվության ավելի քան 12-ամյա փորձ ունենալով՝ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը մշակել է ռազմավարություններ, որոնք խթան են հանդիսացել տարբեր ոլորտներում՝ սկսած մոբիլությունից մինչեւ առողջապահությունն ամբողջ աշխարհում։
Ջենիի պրոֆեսիոնալ ուղղվածությունն ընդգրկում է ռեսուրսների եւ էներգիայի օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաեւ կայուն զարգացման կառավարումը։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովը։ Համաշխարհային մասշտաբի միջոցառմանը, որը կազմակերպում է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ սպասարկումների համաշխարհային դաշինքը (WITSA)՝ Հայաստանի կառավարության աջակցությամբ, կմասնակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ, պաշտոնական անձինք եւ ՏՏ առաջատար ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։




























