Բրյուսելի ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք բողոքում էին սոցիալական ծախսերի կրճատում ենթադրող բարեփոխումների դեմ: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Մի քանի հազար ցուցարարներ ինքնաբուխ ցույցեր են կազմակերպել Եվրամիության գագաթաժողովի մերձակայքում: Արգելկափակելով ԵՄ կենտրոնակայանի մուտքը` նրանք սկսել են վանկարկել եւ սուլել: Տարբեր տվյալներով, բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցել:

Նշենք, որ Բրյուսելում ընթանում է ԵՄ երկօրյա գագաթաժողովը: Դրանում 27 երկրների ներկայացուցիչները պետք է հաստատեն «Եվրոյի պակտը»` միտված եվրոպական տնտեսության  մրցունակության բարձրացմանը:

Ցուցարարները պահանջում են եվրոպական առաջնորդներից հրաժարվել աշխատավարձերի, սոցվճարների եւ գործազրկության նպաստների ինդեքսացիայի կրճատումից, թոշակի տարիքի բարձրացումից եւ այլ միջոցառումներից, որոնք ուղղված են բյուջեի դեֆիցիտի կրճատմանը: