Արձակուրդի ավարտից մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Առավոտյան վարչապետը գրառում է արել, որում անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, թե ինքը Իջեւան ընկերոջ տարեդարձին մեկնել էր ուղղաթիռով․ «Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սեւանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջեւան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի»,- գրել է Փաշինյանը։ Նա լրատվամիջոցներին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու համար՝ ակնարկելով, որ նրանք նախկին իշխանությունների պատվերն են կատարում․

«Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար։ Ասեմ նաեւ, որ ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրանից իրադարձություն պետք չի սարքել»,- գրել է Փաշինյանը։ 

Ի դեպ՝ ավտոմեքենայի մասին։ Նախօրեին Փաշինյանը «ֆեյսբուքում» հրապարակել էր ընտանեկան լուսանկար, եւ գրառում արել այն մասին, որ արձակուրդի օրերին իրենք ընտանիքով տեղաշարժվում են իրենց հին ու բարի «Nissan Qashqai»-ով: Դրանից հետո Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Քոչարյանը հրապարակել է տեսանյութ, որում երեւում է, որ Փաշինյանի «Nissan Qashqai»–ին Երեւան-Սեւան մայրուղում ուղեկցում են վարչապետի ավտոշարասյունն ու Ճանապարհային ոստիկանությունը։

Ավելի ուշ, Փաշինյանը 3 անգամ ուղիղ եթեր է մտել Գեղարքունիքի մարզի տարբեր գյուղերից։ Կալավան համայնքում գյուղի բնակիչներից մեկի հետ նա այցելել է հյուրատներ, ծանոթացել զբոսաշրջիկների համար նախատեսված պայմաններին։   Կալավանում Փաշինյանը հանդիպել է Աղավարտ Վարդանյանին, որը դեռ խորհրդարանական ընտրությունների նախընտրական հանդիպումներից մեկում Փաշինյանին ասել էր, որ ինքը ոչ մի բողոք ու խնդիր չունի, որից Փաշինյանը զարմացել էր, եւ դրա մասին հայտարարել հանրահավաքի ժամանակ։ Գյուղացու հրավերով Փաշինյանն ընտանիքի հետ այցելել է նաեւ Դպրապատ գյուղ եւ ծանոթացել Աղավարտի տնտեսությանը։ Ուղիղ եթերում Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել այս տարվա մեղրը գնել Աղավարտից, որի մեղրն անաղարտ է։ 

Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանում։ Զվարթնոց օդանավակայանին մոտեցող օդանավի անձնակազմը նկատել է, որ օդանավից ձախ, նույն բարձրության եւ բավականին մոտ տարածության վրա, հեռակառավարվող անօդաչու սարք է թռչում։ Դեպքը տեղի է ունեցել, երբ օդանավը գտնվում էր 1000 մետր բարձրության վրա՝ Արմավիրի մարզում։ Քաղավիացիայի կոմիտեն հիշեցնում է, որ դրոնների նման թռիչքները պարունակում են մեծ վտանգներ, եւ կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ։ Կոմիտեն քաղաքացիներին հորդորում է անօդաչու թռչող համակարգերը շահագործել միայն սահմանված վայրերում եւ թույլատրելի բարձրության վրա։ 

Համացանցում այսօր տեսանյութ է տարածվել, որում երեւում է՝ ինչպես են զինծառայողների համար նախատեսված մսամթերքը տեղափոխում առանց ծածկի բեռնատար մեքենայի թափքում՝ կիզիչ արեւի տակ։ Նշենք, որ այսօր, ըստ օդերեւութաբանների, Երեւանում գրանցվել է 40 աստիճան տաքություն։ Տեսանյութին արձագանքել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ անթույլատրելի վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ,  մսի տեղափոխման հարցով ՊՆ-ի կողմից նշանակվել է ծառայողական քննություն, եւ մեղավորները պատժվելու են։ 

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում։ 21-ամյա կինը, որը գտնվում էր հղիության 8-րդ ամսում մահացել է կեսարյան հատումից հետո։ Նա արյան մակարդելիության հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել։ Տեղափոխվել է հիվանդանոց ծանր վիճակում, որտեղ նրան կեսարյան հատում են արել, քանի որ պտուղը մահացած է եղել։ Մի քանի օր «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն երիտասարդ կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ 

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր բողոքի ակցիա են անցկացրել Դաշնակցականները։ Նրանք պահանջել են, որպեսզի քաղաքապետը եւ Երեւանի ավագանու անդամները կատարեն իրենց նախընտրական խոստումները, եւ լուծեն մայրաքաղաքի խնդիրները՝ կանաչապատում, աղբահանություն, վերելակներ, տրանսպորտ եւ այլն։ Նրանք դեղին քարտ են ցույց տվել Հայկ Մարությանին, կոչ անելով, որ քաղաքապետը վերջապես լրջանա։ 

Ցուցարարներին մոտեցել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Դաշբակցական ակտիվիստները դժգոհել են՝ քաղաքապետարանը բոլոր խնդիրները վերագրում է մասնավորին, իսկ ինքը խուսափում է պատասխանատվությունից։ 

Լավ լուր Արագածոտնի մարզից։ Ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի եղբոր ընտանիքում տղա է ծնվել։ Նրան անվանել են Ռոբերտ, ի պատիվ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի։ 

Դոլարն ու եվրոն էժանացել են։ Դոլարի փոխարժեքը կազմել է 475, եվրոյինը՝ 530, բրիտանական ֆունտինը՝ 579, ռուսական ռուբլունը՝ 7․50 դրամ։ 

Հայաստանում օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +22 +24, վաղը ցերեկը +38 +39 աստիճան տաքություն։