ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ եւ քննարկել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովման գործընթացը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, իսկ շրջաններում իրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մեկամսյա ժամկետում ճշգրտել ցուցակները եւ դրան համապատասխան իրականացնել համալիր միջոցառումներ` կապված կարիքավորներին բնակարաններով ապահովելու գործընթացի հետ եւ ավարտին հասցնել պետական այս ծրագիրը:

Անդրադարձ է կատարվել նա Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամներին ու փախստականներին բնակարաններով ապահովելու ծրագրի մշակման եւ իրականացման հետ կապված հարցերին:

Խորհրդակցությանը մասնակցել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: