Թուրքիայի իշխանությունները սթրիմինգային ծառայությունների աշխատանքի վերահսկողություն են սահմանել, որոնք հաճախորդներին տեսակոնտենտի դիտման հնարավորություն են տալիս: Համապատասխան կանոնակարգը հրապարակվել է պաշտոնական կառավարական տեղեկատուում՝ T.C. Resmi Gazete-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նոր կանոնները օրենսդրորեն վերահսկողություն են սահմանում դիտողին առաջարկվող կոնտենտի վրա: Կարգավորող մարմինը Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդն է: Ծառայությունները հենց նրանից էլ պետք է ստանան երկրում աշխատելու թույլտվությունը եւ գերատեսչությանը փոխանցեն տարեկան եկամտի 0,5 տոկոսը: Լիցենզիաները 3 տեսակի են՝ համացանցային ռադիո (արժեքը մոտ 1,8 հազար դոլար է), համացանցային TV եւ հարցմամբ համացանցային սթրիմինգ (18 հազար դոլար): Եթե ծառայությունները զբաղվում են հեռուստա- կամ ռադիոխանութի ձեւաչափով ապրանքի վաճառքով, ապա լիցենզիայի արժեքը 5 անգամ մեծանում է: Հեռարձակման թույլտվությունը անհրաժեշտ է պարբերաբար երկարացնել:

Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը երկրում ձայնատեսողական լրատվամիջոցների եւ ծառայությունների գլխավոր հսկողական գերատեսչությունն է: Խորհուդը լիազորված է ինքնուրույն կամ բողոքի առկայության դեպքում կարգավորել ցանկացած կոնտենտ, որը ստանում են տեղացի սպառողները, ինչպես նաեւ օրենսդրությանը դրա անհամապատասխանության դեպքում պահանջել եթերից ծրագիրը հանել: Այն նաեւ իրավասու է անվտանգության նկատառումներով այս կամ այն թեմաների եւ իրադարձությունների լուսաբանման ժամանակավոր արգելքներ սահմանել: Խորհրդի պահանջները խախտելու կամ չենթարկվելու  համար նախատեսված են տուգանքներ եւ լիցենզիայի հետկանչում: