Իրանի ԱԳՆ-ն արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշումը համարում է ԱՄՆ կառավարության անօգնականության նշան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությանը:

«Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է ԱՄՆ իշխանությունների գործողությունները, որոնք պատժամիջոցներ են կիրառել Իրանի  դիվանագիտության ղեկավարի վրա: Սա ամերիկյան կառավարության հուսահատության և անօգնականության ակնհայտ նշան է: Պատժամիջոցները վկայում են այս երկրի ղեկավարության վախի և թուլության մասին  Իրանի իմաստուն և տրամաբանական դիվանագիտության առաջ», - ասվում է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն նաև նշել է, որ Զարիֆի վերաբերյալ Վաշինգտոնի որոշումները «չեն ազդի ազգային շահերը պաշտպանելու ուղղությամբ արտաքին գործերի նախարարության աշխատանքի և ջանքերի վրա»:

ԱՄՆ իշխանությունները չորեքշաբթի պատժամիջոցների ցանկում ներառել էին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին:

ԱՄՆ-ում հայտարարել են, որ Զարիֆին  հնարավոր երկխոսության գործընկեր չեն համարում, ցանկանում են բանակցել Իրանի իշխանությունների ավելի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: ԱՄՆ կառավարությունը մտադիր է ուսումնասիրել անհատական հիմունքներով ԱՄՆ մուտքի վիզաներ տրամադրելու վերաբերյալ  Զարիֆի հարցումները: