Օգոստոսի 1-ին Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնեյ քաղաքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Արցախի եւ Նոր Հարավային Ուելս նահանգի միջեւ համագործակցության զարգացման եւ կապերի ամրապնդման վերաբերյալ՝ հաշվի առնելով որ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը 2012 թ. ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջմղման գործում հայկական սփյուռքի դերի բարձրացման վերաբերյալ հարցեր: Այս համատեքստում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները եւ այդ բնագավառում առկա մարտահրավերները:

Իր հերթին Գլեդիս Բերեջիկլյանը պատմել է վերջերս Հայաստան կատարած իր այցի եւ ունեցած հանդիպումների մասին:

Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախում բարձր են գնահատում Գլեդիս Բերեջիկլյանի՝ համահայկական նշանակության հարցերի առաջմղմանն ուղղված գործունեությունը, եւ հրավիրել նրան այցելել Արցախ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգի Oրենսդիր ժողովի խոսնակ Ջոնաթան Օ’Դեան (Jonathan O’Dea) եւ Օրենսդիր խորհրդի նախագահ Ջոն Աջական (John Ajaka), ինչպես նաեւ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը եւ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։