Ֆրանսիան համաձայն չէ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշման հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ֆրանսիան, ինչպես նաեւ նրա գործընկերներ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, մտահոգված են՝ կապված Իրանի ԱԳՆ ղեկավարի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ որոշման հետ: Այդ որոշումը մենք չենք աջակցում: Մենք կարծում ենք, որ բոլոր դիվանագիտական ալիքները պետք է բաց լինեն, հատկապես բարձր լարվածության համատեքստում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախարարությունում հավելել են, որ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունները մշտական շփման մեջ են Զարիֆի հետ եւ նպատակ ունեն վերացնել լարվածությունն ու Իրանին վերադարձնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հարցով իր պարտավորություններին: