ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Սոչիի «Սեւան» հայկական մշակութային տանը նախօրեին կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները /ավելի քան հիսուն ՌԴ քաղաքացի/, նրանց թվում՝ օրեր առաջ հրապարակված հայտարարությունը ստորագրած անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորներ եւ Սոչիում ՀՀ հյուպատոս Տ. Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

«Հանդիպմանը օդանավակայանի աշխատակիցները ներկայացրել են ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դիտարկումներն ու դիրքորոշումը, որոնց շուրջ ընթացել է բազմակողմ քննարկում։

Հանդիպման արդյունքում որոշվել է ձեւավորել նախաձեռնող խումբ եւ ստեղծված իրավիճակի ուսումնասիրման նպատակով դիմել ՌԴ պատկան մարմիններ եւ հաջորդիվ կազմակերպել հանդիպում՝ հարցի կարգավորման նպատակով։

Իրավիճակի շուրջ հետագա զարգացումների վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ»,–նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոչիի միջազգային օդանավակայանի հայազգի աշխատակիցները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց աշխատանքից ազատում են  ազգային հատկանիշով պայմանավորված։

Սոչիի օդանավակայանի աշխատակիցները հայտարարում են՝ աշխատանքից ազատում են հայկական ազգանուններով աշխատակիցներին