«Միջազգային բանակային խաղեր-2019 մրցույթին Հայաստանը ներկայացնող միակ իգական սեռի ներկայացուցիչը դասակի հրամանատար Արմինե Գրիգորյանն է: Նա NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչու է ընտրել նման դժվար մասնագիտություն:
"Մասնագիտական կողմնորոշման պատճառը դեռ դպրոցական տարիքից ռազմամարզական խաղերին եւ օլիմպիադաներին մասնակցությունն է եղել: Արդեն 5 տարի է՝ այս ոլորտում եմ, 4 տարի սովորել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակալավրիատում եւ մեկ տարի է արդեն ծառայում եմ որպես դասակի հրամանատար,- ասաց նա:
Արմինեի կարծիքով՝ հեշտ է աշխատել տղաների հետ, դժվարը նրանց վերաբերմունքն է, քանի որ որպես դասակի հրամանատար հաճախ չեն պատկերացնում աղջկա:
«Դասակի հրամանատար աղջիկները քիչ են, բայց մի քանի տարի հետո արդեն սովորական կդառնա: Սկզբում մայրս էլ էր դեմ, քանի որ ծնողներս մանկավարժներ են, նույնիսկ ազգականներին մեջ չկան զինվորականներ»,- ասաց նա:
Նշենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր՝ օգոստոսի 3-ին, մեկնարկել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթը:
Մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:
Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:











