Իրանի ավիացիոն արդյունաբերության ղեկավար Մանուչեհր Մանթեգին հայտնել է Իրանի կողմից ավիացիոն տեխնիկա եւ պահեստամասեր արտադրելու համար միջազգային արտոնագրեր ստանալու մասին՝ հույս հայտնելով, որ առաջիկա 7 տարիների ընթացքում երկիրը կսկսի ավիացիոն տեխնիկայի բաղադրիչների արտադրությունը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Չնայած արդեն 40 տարի է, ինչ իրանյան ավիացիոն արդյունաբերությունը դժվարություններ ունի կոշտ պատժամիջոցների պատճառով, վերջին տարիներին այն զարգանում է լավ տեմպերով:

«Մեր արտադրողներն արդեն ստացել են անհրաժեշտ միջազգային արտոնագրերը ավիացիոն տեխնիկա եւ պահեստամասեր արտադրելու համար, եւ մենք հույս ունենք, որ առաջիկա 7 տարիների ընթացքում կմեկնարկի բուն արտադրությունը»,-լրագրողներին պատմել է Մանթեգին:

Այդկերպ, շարունակել է նա, Իրանը կկարողանա առաջիկա տարիներին դասվել այն փոքրաթիվ երկրների շարքին, որոնք ունակ են թողարկել ավիացիոն մասեր ու բաղադրիչներ:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ երկրների միջեւ կնքվել էր համաձայնագիր Թեհրանի կողմից թվով 114 Airbus ուղեւորատար ինքնաթիռներ ձեռքբերելու մասին: Նույն տարում Իրանի պետական ուղեւորափոխադրող Iran Air ընկերությունը համաձայնագիր էր ստորագրել Boeing ավիակոնցեռնի հետ 80 ուղեւորատար օդանավ գնելու մասին: Սակայն 2018 թվականին իրանյան միջուկային ծրագրի շրջանակներում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) դուրս գալու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ոչ մի Boeing չէր մատակարարվել Իրանին: