Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 8-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են Բուլղարիա-Արցախ խորհրդարանական եւ մարդասիրական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Բուլղարիայի խորհրդարանականների այցերն Արցախ կրում են պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ փոխգործակցությունն էլ ավելի կխորանա ու կընդլայնվի:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: