Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը քննադատել է մարտի 3-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների վարքը: Այսօր` մարտի 25-ին կայացած ասուլիսում Նազարյանը նշել է, որ եթե մարդը պատգամավոր է, դա դեռ չի նշանակում, որ կարող է վիրավորել ոստիկաններին:

Ըստ Նազարյանի, պատգամավորները ոչ միայն չեն փորձել դադարեցնել ցուցարարների արտահայտությունները կառավարության անդամների նկատմամբ, այլեւ իրենց լկտի են պահել:

Ոստիկանությունն, ըստ Նազարյանի, եզրակացություններ արել է, եւ կառավարության շենքի առջեւ հերթապահող ոստիկաններին խստորեն հրահանգվել է անգամ խոսել մարդկանց հետ:

Ներսես Նազարյանի առանձնակի ուշադրությանն է արժանացել պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում գործողությունները ոստիկանը սադրիչ է որակել:

Ի հակակշիռ Ներսես Նազարյանը չեզոք է արտահայտվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների մասին: Արձանագրելով, որ նախկինում նրանք աչքի չեն ընկել հասարակական կարգի պահպանությամբ, Նազարյանը նշել է. «Բայց եթե հիմա նրանք իրենց լավ են պահում, դա չի կարելի չնկատել»:

Մեկնաբանելով բռնցքամարտի նախկին չեմպիոն Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը, Ներսես նազարյանը նրա գործողությունները սադրանք է որակել, հայտարարել է, թե իր համար էլ տհաճ է նման մարդու ձերբակալությունը, բայց օրենքի առջեւ բոլորն են հավասար: